Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սթափվելու ժամանակն է

Սթափվելու ժամանակն է
30.08.2022 | 07:25

Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի:

Ա կորնթ. 3; 18

Քրիստոնյայի համար մեղքը չարիք գործելը չէ, ինչից նա հրաժարվում է հենց իր քրիստոնյա լինելու փատով` Սուրբ Մկրտության խորհրդից սկսած, այլ արդեն` բարիք չանելը:
Բարիք չանելը արդեն իսկ չարագործություն է: Բարիք չանելը քրիստոնյայի համար աններելի է ավելի, քան ոչ քրիստոնյայի համար չարիք անելը: «Անշառ» կրավորականությունը իր` «ոչ մեկին չեմ վնասում պնդումով», քրիստոնյայի սկզբունքը չի կարող լինել:


Չար չլինելը, քրիստոնյայի համար, ջանք է և պարտավորություն` առանց վարձատրության: Ոչ քրիստոնյան չար չէ, որովհետև պայքար չունի: Բարի լինելը, քրիստոնյայի համար, շնորհ է և շնորհի մեջ մնալու ու շնորհով գործելու նախանձախնդրություն: Ինչպե՞ս կարող է լույսը պարզապես լինել և չլուսավորել: Ու՞մ է պետք այդպիսի լույսը, ու՞մ է պետք անհամացած աղը, ու՞մ է պետք թթխմորը, որը չի խմորելու ալյուրի ողջ զանգվածը: Ու՞մ է պետք քրիստոնյան, որ պիտի լինի և իր գոյությամբ աշխարհում ոչինչ չփոխի դեպի կատարյալը: Քրիստոնյան քաղաքացին է «նոր երկնքի ու նոր երկրի, ուր Արդարությունն է բնակվում», և պետք է ապրի այդ նոր աշխարհի օրենքներով:


Աստծո պատվիրանները ուղենիշներ ու չափանիշներ են Քրիստոսով նորոգված մարդու համար, անխախտ ու հաստատուն սահմանադրություն, որ ռետինի նման չի ձգվում կամ սեղմվում ըստ ոմանց քմահաճույքների, այլ մերժում և վտարում է իրեն մերժողներին և ընդունում ընդունողներին: Մարդկային կյանքի տարբեր բնագավաներում ևս կան զանազան մարդկային կանոններ ու պատվիրաններ, որոնք հետևողականորեն կատարում են բարեկիրթ ու դաստիարակված մարդիկ` օրինապահ քաղաքացիները: Նրանք բարեխղճորեն պահում են ցանկացած օրենք ու կանոն, անգամ` հարափոփոխ, իրար հակասող կամ իրենց էությունն ու գոյությունը ժխտող օրենքներ: Իսկ Աստծո օրենքներն անփոփոխ են ու միայն կյանքի համար: Աստված ասում է. «Սու՛րբ եղեք»: Մարդը ասում է. «Պահպանե՛ք մաքրություն»:

Աստված հոգում է ներսի համար, իսկ մարդը մտածում է արտաքին դրսևորման մասին: Աստված հոգում է էության համար, իսկ մարդը` ուրիշների աչքի տեսածի համար: Եթե մարդը ներսում լույս չունի, մաքրություն չունի, իր նմանի հանդեպ սեր չունի, ինքն իր հանդեպ հարգանք չունի, նա կարող է լինել ժպտերես, բարեկիրթ, մաքրասեր, օրինապահ, բայցև միաժամանակ` լի ամեն տեսակ անմաքուր կրքերով: «Սու՛րբ եղեք»,- ասում է Աստված: Նա պահանջում է ներքին մաքրություն: Բարի գործեր առհասարակ չունենք, որովհետև կամ չենք արել, կամ էլ չար գործերով զրոյացրել ենք: Շատ կանայք տունը սրբում են ու աղբը լցնում գորգի տակ կամ հատակի ճեղքերի մեջ: Այդպեսև շատ ազգեր կան, որ իրենց աղբը պահում են առհասարակ աչքից հեռու. հետաքրքրասերները չեն տեսնում, իրենք էլ չեն նկատում: Հարմար է այդպես: Այնինչ պետք է աղբը տնից դուրս թափել, բնակարանից ու բնակավայրից հեռու տանել, ինչքան էլ որ անհնար լինի ուրիշի աչքից հեռու պահել աղբի քանակն ու բաղադրությունը: Աղբի հոտը երկար չի սպասեցնի, հակասանիտարական վիճակ կստեղծվի, երբ աղբը իր տեղում չէ: Աստված պատուհասում է անսուրբ մարդկանց և անսուրբ ազգերին` թշնամիներին հանձնելով սանիտարի դերը, երբ նրանք իրենք չեն գործադրում ինքնամաքրման աստվածատուր օրենքները: Սուրբ Գիրք կարդացեք, Աստծո սիրուն: Սեփական աղբը յոթ փակի տակ պահում են նրանք, ովքեր Աստծուց ահ չունեն և, առհասարակ, հավատ չունեն Աստծո հանդեպ, որովհետև գալու է օրը, երբ ամեն բան հայտնի է դառնալու:

Սեփական արտադրության ու ներմուծված աղբը պետք է դուրս թափել առանց տեսակավորելու: Սուրբ հայրերն ասել են, թե երբ արատները թաքցնում ենք մեր հոգում և ի լույս չենք հանում` չենք խոստովանում, դրանք առավել խոր են արմատավորվում հոգում: Մարմնի նեխող մասը երկար չես թաքցնի: Գլխացավը, որպես կանոն, գլխի խնդիրը չէ, այլ ուրիշ օրգաններում առկա խնդրի ահազանգը: Երբ մենք ինքնակամ չենք հնազանդվում Աստծո պատվիրանին, ստիպված ենք լինում հարկադրաբար հնազանդվել: Գայլերը ոչխարներ են ուտում: Գուցե զարմանալի հնչի, բայց գայլերը հոտի պարարտ ու առողջ ոչխարներին չէ, որ ուտում են, այլ հիվանդ ու վտիտ ոչխարներին` կանխելով վարակի տարածումը: Եթե չենք ուզում օտար հայացք մեր կյանքից ու կենցաղից ներս, ամեն մի անհատ, ընտանիք, համայնք, ազգ պետք է ունենա ինքնամաքրման ներքին լծակներ, կազմակերպված, փոխհամաձայնեցված, պարտավորությունների հասցեականությամբ: Եթե կա խնդիր, լուծում է պետք, ոչ թե լռություն ու չքմեղանք: Իսկ խնդիրներ շատ կան ու շատ իրական, որոնք խոչուխութեր են Աստծո «Սուրբ եղեք» պատվիրանի իրագործման ճանապարհին: Լռության մատնված, անտեսված կամ պարտակված խնդիրը վերածվում է բազմագլուխ հրեշի և սկսում է կուլ տալ բոլոր նրանց, ովքեր իր հասանելիության գոտում են: Ավելին, մենք արդե՛ն գործ ունենք այդ հրեշի հետ և նրա թիրախում ենք: Մենք ենք աճեցրել այդ հրեշին` «խալխի աչքից հեռու» ուլյուլյու անելով մեր սիրասուն մեղքերը: Առ աչոք ուրանալու համար մարդկանց այպանում են, իսկ առ աչոք դավանելու համար որևէ մեկին չեն էլ հանդիմանում: Սփոփա՛նք ու սիրաշահում չպիտի փնտրենք: Սթափվելու ժամանակն է, քանի դեռ չի հասել և մե՛ր կուլ գնալու հերթը:
Պետք է անհարմար զգանք, պետք է ցավի, պետք է հանդիմանվենք, պետք է ողբանք ու կուրծք ծեծենք և ոչ թե վիշապագորգերի տակ աղբ լցնենք, վրան էլ մենք տեղավորվենք` փափուկ արջուկ գրկած:


«Ով որ գիտի, թե ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է» (Հակ. 4; 17): Պետք չէ խուսափել բարու ճանաչողությունից, որովհետև բարին գործելու միակ հնարավորությունը այն ճանաչելն է:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 8496

Մեկնաբանություններ